Վանաձորում փորձել են սպանել քրեական հայտնի հեղինակությունների.

Հայկական ժամանակը գրում է.

ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 3 տղամարդիկ, որոնց մեջ է եղել նաեւ 41-ամյա Գևորգ Նավոյանը, մասնակցելիս են եղել վերջինիս հարազատներից մեկի հոգեհանգստին: Մինչ ժամը 18-ը, երբ տեղի էր ունենալու հոգեհանգիստը, վիրավորում ստացած տղամարդիկ մտել են սգո սրահի հարեւանությամբ գործող նշված ռեստորան, հաց կերել, այնուհետեւ, երբ ռեստորանից դուրս են եկել, նրանց է մոտեցել Վազ-21-07 մակնիշի ավտոմեքենան, ինքնաձիգից կրակոցներ արձակել ու անմիջապես դիմել փախուստի: Ավելի ուշ ավտոմեքենան ամբողջովին այրված վիճակում հայտնաբերվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում:

Դեպքից մինչ այս պահը Վանաձորում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի, Բազումի եւ Գուգարքի բաժնի ծառայողները, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներն ու մի շարք այլ իրավապահ կառույցներ: Մարզկենտրոնի բոլոր փողոցներում ոստիկանությունը «պոստեր» է տեղակայել: Մեզ հասած տեղեկություններով, դեպքից մինչ այս պահը Վանաձորի իրավապահները շուրջ 2 տասնյակ բնակարաններ են այցելել, բազմաթիվ անձինք են տարվել ոստիկանության բաժիններ, բազմաթիվ հարցաքննություններ են կատարվել նրանց հետ, ովքեր որեւէ կերպ հնարավոր է առնչություն ունեցած լինեն աղմկոտ Մեզ հայտնի դարձավ, որ Վանաձորի քրեական հեղինակություններից մի քանիսը դիմել են փախուստի, իրավապահները նրանց բնակարաններում ու քաղաքում չեն գտնում: Մարզկենտրոնում ոստիկանների կողմից իրականացվում են մեծամասշտաբ օպերատիվ գործողություններ, որոնք հիմնականում առնչվում են քրեական անցյալ ունեցող անձանց հետ:

ՀԺ-ի աղբյուրի փոխանցմամբ, Գեւորգ Նավոյանը Մոսկվայում հայտնի քրեական հեղինակություն է, ով Հայաստան էր ժամանել վերջերս, հարազատներից մեկի հարսանեկան արարողությանը մասնակցելու համար եւ օրեր առաջ արդեն պետք է մեկնած լիներ Մոսկվա, սակայն հարազատի մահը հետաձգել է Մոսկվա այցը:

Ի դեպ, մեքենան, որից կրակոցներ են արձակվել, գնվել է մոտ մեկ ամիս առաջ, սակայն գնորդը մեքենայի անվանափոխում չի իրականացրել: Ստացվում է, որ նախօրեին Վանաձորում հնչած կրակոցները հնարավոր է հնչեին նաեւ օրինակ Երեւանում, ու չի բացառվում, որ հեղինակություններին սպանել ցանկացող անձինք հետեւել են վիրավորներին, եւ հարմար պահի կրակել:

Վանաձորցիները չեն բացառում, որ հնչած կրակոցները հնարավոր է շարունակություն ունենան: Ոստիկանության փոխանցմամբ՝ հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։